Վերահսկիչ պալատը բացահայտել է հերթական չարաշահումները, ինչի պատճառով Հայաստանի պետբյուջեն միլիարդների վնաս է կրել։ Խնդիրն այս անգամ առնչվում է պետության ընդերքին, մասնավորապես, ոսկու հանքերին։ Գեղարքունիքի մարզի Սոթքի ու Կոտայքի մարզի հանքավայրերի ընդերքի օգտագործման ստուգումների արդյունքն օրերս ՎՊ-ի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ասուլիսի թեման էր։
ՈՒսումնասիրությամբ ի հայտ է եկել, որ այդ հանքերի շահագործման իրավունք ունեցող «Գեոպրոմայնիգ Գոլդ» ընկերությունը խոշոր վնասներ է հասցրել պետբյուջեին։ 2008-ի փետրվարի 29-ին ոսկու հանքավայրերից արդյունահանման նպատակով ընդերքի օգտագործման թիվ 368 և 369 լիցենզիայի պայմանագրերը կնքվել են ոլորտը կանոնակարգող օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, հանքային շահագործումը իրականացվել է առանց ուժի մեջ մտած լիցենզիաների։ Ստացվում է` լիցենզառու «Գեոպրոմայնիգ Գոլդ» ՍՊԸ-ն 2004-ի հուլիսի 1-ից մինչև 2008-ի փետրվարի 29-ը Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքավայրերում ապօրինի գործունեություն է ծավալվել։ Իշխան Զաքարյանը նշեց, որ ընկերության և բնապահպանության նախարարության միջև կնքված պայմանագրի պարտավորությունները չեն կատարվել, ըստ որի, Սոթքի հանքավայրից պետք է յուրաքանչյուր տարի արդյունահանվեր 600 հազար տոննա հանքանյութ, սակայն երեք տարում արդյունահանվել է ընդամենը 366 հազար 445 տոննա հանքաքար։ Մեղրաձորի հանքավայրի 120 հազար տոննայի պարագայում էլ արդյունահանվել է ընդամենը 1600 տոննա։ Ընկերության պարտքը, կոնցեսիոն վճարի առումով, Սոթքի հանքավայրի համար 15 մլն 320 հազար դրամ է, Մեղրաձորի պարագայում` 8 մլն 840 հազար դրամ։ Փաստորեն, ընդհանուր հաշվով պետբյուջե չի վճարվել 24 մլն 160 հազար դրամ։ ՈՒշագրավ է, որ նման շահույթ հետապնդելով` ընկերությունը, ըստ ՎՊ-ին տրամադրած պետեկամուտների տեղեկատուի, աշխատել է վնասով։ Այս փաստերը վկայակոչելով, Իշխան Զաքարյանը ներկայացրեց նաև ոսկու գների դինամիկան միջազգային շուկայում, որպեսզի կարծիք չստեղծվի, թե ոսկու գներն ընկել են։ 2007-ից ոսկու 1 գրամը 21,12 դոլարից 2010-ի երրորդ եռամսյակում կրկնակի բարձրացել ու հասել է 40,88 դոլարի։ Այնինչ, համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների, 2007-ին ընկերության վնասը կազմել է 15 մլրդ 654 մլն դրամ, 2008-ին` 17 մլրդ 270 մլն 237 հազար դրամ, 2009-ին` 11 մլրդ 605 հազար դրամ։ Փորձագետների պնդմամբ` յուրաքանչյուր տոննա հանքանյութի մեջ կա շուրջ 6 գրամ ոսկի։ Ստացվում է, որ այս տարիներին «Գեոպրոմայնիգ Գոլդ»-ը միայն Սոթքում արդյունահանել է 2 տոննա 198 կգ ոսկի պարունակող հանքանյութ, այսինքն` շուրջ 77 մլն դոլարի արժողության ոսկի պարունակող հանքաքար, մինչդեռ փաստել են, թե վնասով են աշխատել։
Այս առումով, ՎՊ-ի նախագահը հիշեցրեց, որ ընդերքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Օրենքի համաձայն, եթե լիցենզառուն չի կատարում օրենքով սահմանված պարտավորությունները, նրան պետք է տրվեր գրավոր նախազգուշացում, սահմանվեր առավելագույնը 90 օր ժամկետ` նշված թերացումները վերացնելու համար, բայց առանց իրավական հիմնավորման լիազոր մարմինն ընկերությանը տվել է գրություն, ըստ որի, Սոթքի հանքավայրի շահագործման նախագծում փոփոխություններ կատարելու համար սահմանվել է նոր վերջնաժամկետ` 2012-ի չորրորդ եռամսյակ։
Արձանագրված խախտումներն այսքանով չեն ավարտվում։ «Գեոպրոմայնիգ Գոլդ»-ի 100 տոկոս բաժնեմասը 250 մլն դոլար վարկի դիմաց գրավ է դրված ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղում` ի շահ «Կառլոու Բիվի» ընկերության։ Վարկային գործարքը տեղի է ունեցել հունիսին, բայց մինչև այժմ այդ դոլարներից ոչ մի ներդրում Հայաստանում չի արվել։ Զաքար-յանը տեղեկացրեց, որ «Կառլոու Բիվին» խոշոր ընկերություն է, որում ներառված են ոչ միայն ոսկու այս հանքերը, այլև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, վրացական երկու և ռուսական մի քանի ընկերություններ, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում։ «Մենք ֆինանսատնտեսական ստուգումներ չենք արել, դա մեր իրավասությունից դուրս է: Բայց վերցնել 250 մլն դոլարի վարկ և ոչ մի լումա չներդնե՞լ Սոթքի կամ Մեղրաձորի հանքավայրերի շահագործման արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ, անթույլատրելի է»,- հավելեց Իշխան Զաքարյանը` նկատելով, որ այդ պատճառով էլ ՎՊ-ի եզրակացությունը բավականին կոշտ է ու խիստ։
Ստուգման արդյունքները ՎՊ-ն եզրակացության ձևով ուղարկելու է կառավարությանը` առաջարկելով այս ընկերությանը զրկել լիցենզիայից և համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկել։ Ի դեպ, երբ լրագրողները փորձեցին Իշխան Զաքարյանից տեղեկանալ, թե ովքեր են Հայաստանում այդ հանքերի շահագործմամբ զբաղվում, ստացան հետևյալ պատասխանը. «Ինձ մի տարեք սուբյեկտիվի դաշտ»։
Վերահսկիչ պալատի ուսումնասիրման հաջորդ «օբյեկտը» Հայաստանի 16 մասնավոր բուհերն ու քոլեջներն էին։ Ստուգումներից պարզվել է, որ դրանցից շատերը չեն համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված պայմաններին։ Ավելին, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը գործել է ապօրինի, քանի որ նախարարության կողմից արտոնագիր չունի, իսկ Արտաշատի համանուն համալսարանն ընդհանրապես զրկվել է գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Իշխան Զաքարյանը ներկայացրեց նաև այն չափորոշիչները, որոնք յուրաքանչյուր մասնավոր բուհ պետք է ապահովի։ Պրոֆեսորադասախոսական կազմի 50 տոկոսը պիտի ունենա գիտական կոչում և լինի տվյալ բուհի հիմնական աշխատող, յուրաքանչյուր ուսանողի համար պետք է ապահովվի 8,2 քմ տարածք և այլն։ Այս հարցով ՎՊ-ն դիմել է ԿԳ նախարարությանը, որը ևս ուսումնասիրություններ է իրականացրել և մի շարք բուհերի զրկել արտոնագրից։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ